E- Journal №4 Architectural Heritage «Երևան» հյուրանոց` Երևանի խորհրդանշական կառույցներից մեկի ստեղծումն ու նորոգման խնդիրները Նունե Չիլինգարյան ԻԿՕՄՕՍ Հայաստան
Աշխարհի տարբեր վայրերում ամենաբազմազան ոճերով ստեղծված լավագույն ճարտարապետական ստեղծագործություններն ունեն իրենց միավորող հատկություններ: Վարպետ ստեղծագործողի տաղանդի հզոր մագնիսականությամբ լիցքավորված` դրանք դեպի իրենց են ձգում ամենանշանավոր անձնավորություններին, դառնում իրենց ժամանակի կարևորագույն իրադարձությունների էպիկենտրոնը` ներծծելով դարաշրջանի շունչն ու ուժը: Հետագայում հենց իրենք են վերածվում այդ էներգիայի «ճառագայթողների», հիշողության խոսուն պահպանողների ու հաղորդիչների, ապահովում են սերունդների կապն ու պատմական հաջորդականությունը, և ի վերջո, բնորոշում ազգի բարոյական և մշակութային մակարդակը: Եվ այս համատեքստում, նման կառույցների սկզբնական կերպարի ու նշանակության պահպանվածությունն ունի լոկ ճարտարապետագեղարվեստական խնդիրներից շատ ավելի կարևոր նշանակություն: «Երևան» հյուրանոցը Երևան քաղաքի համար դարձավ այսպիսի յուրահատուկ կառույցներից մեկը: Հյուրաանոցի ստեղծման հետ կապված բոլոր հանգամանքները վերլուծելիս հասկնալի է դառնում, որ վերածնվող Հայաստանի համար այս շենքի քաղաքաշինական, սոցիալական և մշակութային նշանակությունը կանխորոշված էր.
Երևանում և այլուր դժվար թե գտնենք մեծ թվով այսպիսի կառույցներ, որոնք հակիրճ ներկայացնելիս այսքան անգամ կրկնվեին «առաջին» և «գլխավոր» բառերը: Երևանի համար նոր ոճով կառւցված հյուրանոցը ոչ միայն օտար չէր ծանր ժամանակներ ապրող քաղաքի միջավայրում, այլև սկիզբ դրեց քաղաքային անսամբլի նոր սկզբունքների և նոր ապրելակերպի զարգացման համար: Շատ արագ այն դարձավ բախտորոշ հանդիպումների ու իրադարձությունների վայր, հայ մտավորականության ականավոր ներկայացուցիչների բուռն ստեղծագործական քննարկումների ասպարեզը, և, պարզապես բնակատեղին: րողներ Եղիշե Չարենց, ուրգեն Մահարի, Շիրվանզադե, Վիլյամ Սարոյան, Հովհաննես Շիրազ, նկարիչներ Արա Սարգսյան, Փանոս Թերլեմեզյան, Երվանդ Քոչար, Մինաս Ավետիսյան, դերասաններ Վահրամ Փափազյան, Հրաչյա Ներսիսյան, Դավիթ Մալյան, Մհեր Մկրտչյան, Կարեն Ջանիբեկյան, ռեժիսոր Սերգեյ Փարաջանով… Հյուրանոցի պատերը հիշում են հայազգի այս հանճարների ձայները, դեմքերը,ուրախությունն ու տառապանքը (Նկ.1): 1999 թիվ` նորացման ժամանակաշրջան Անկախ Հայաստանի Հանրապետության կյանքի առաջին տասնամյակը դարձավ դարերով իր պետականության համար պայքարած ժողովրդի համար ծանր փորձությունների ժամանակ: Երկրաշարժ, պատերազմ, նախկին «բարեկամ» հանրապետությունից փրկված հազարավոր փախստականներ, շրջափակում… Թվում էր, թե այս ծանր ճգնաժամից ելնելու համար մի քանի տասնամյակն էլ չի բավականացնի: Բայց կրկին, ինչպես ավելի քան յոթ տասնամյակ առաջ «Երևան» հյուրանոցի շենքն եղավ նորացման և հույսի առաջին մունետիկը, 1990-ականների սկզբի ծանր հակամարտությունից հետզհետե կյանքի վերադարձող Երևանի առաջին խոշորածավալ նորոգվող կառույցը: 1999թ-ին «Երևան» հյուրանոցը ձեռք բերեց իտալական «ՌԵՆԿՈ» ընկերությունը` Հայաստանում շինարարական և վերանորոգման գործունեություն վարող առաջին արտասահմանյան ներդնողներից մեկը: Մեծ թվով շենքերից «Երևան» հյուրանոը ընտրվել էր նախ և առաջ շնորհիվ այն բանի, որ կառույցն առավելագույնս համապատասխանում էր եվրոպական պատկերացմամբ «ճարտարապետական հուշարձան» ասածին եվ, չնայած մաշվածությանը, պահպանված էր ճարտարապետական կերպարի ամբողջությունը: Անհրաժեշտ էր հյուրանոցին նոր կյանք տալ` սարքավորելով ժամանակակից պահանջներին համապատասխան և միաժամանակ, չխաթարելով նրա կերպարը: Վերանորոգման աշխատանքներն ընթանում էին շատ ինտենսիվ /երանորոգման նախագծի գլխավոր ճարտարապետ` Նունե Չիլինգարյան, «ԽՈՐԱՆ» ՍՊԸ/: Սա այն հազվագյուտ դեպքերից էր, երբ չափագրությունը, վերանորոգման նախագիծն ու դրա իրականացումն ընթանում էին մեկը մյուսի ետևից, գրեթե զուգահեռաբար: Շենքը նորոգելիս և արդիականացնելիս անհրաժեշտ էր ոչ միայն պահպանել և վերստեղծել ներքին և արտաքին հարդարանքի առանձին տարրերը, այլև հյուրանոցի ֆունկցիոնալ կազմակերպման տրամաբանությունը, Բունիաթյանի գաղափարն ու նպատակը` ստեղծել ինքնուրույն, բայց և դեպի քաղաքային միջավայր բացվող համալիր: «Երևան» հյուրանոցի շենքն ունի անկանոն հնգանկյուն հատատակագիծ` ներքին բակով: Նախագիծը հետաքրքիր է իրեն բազմաֆունկցիոնալությամբ: Սա ոչ թե սպասարկող սենյակների և համարների անհրաժեշտ քանակությամբ շարքային հյուրանոց է, այլ իրապես «քաղաքային» շենք-համալիր, այսպես կոչված «քաղաքաշինական ճարտարապետության» օրինակ: Շենքն այնպես է նախագծված, որ քաղաքային միջավայրի լիարժեք մասնակից է` միաժամանակ ապահովելով այցելուների համար ներքին մեկուսացում և հարմարավետություն: Վերջինս արտահայտվել է ինչպես հատակագծային, այնպես էլ ճակատային լուծումների մեջ: Հյուրանոցի հինգ ճակատներից երեքը գլխավոր են /Նկ.2/: Աբովյան փողոցի, կիսակլոր հրապարակի /ներկայիս Ազնավուրի հրապարակի/ և այսօր այլևս գոյություն չունեցող Մեչետսկայա /Մսկիթի/ փողոցի ճակատներն ունեն առավել հարուստ հարդարանք /պատշգամբներ, լոջիաներ, կամարաշարեր, պատուհաննեերի շրջանակներ/, որոնցով մշակված են Աբովյան փողոցի խանութները, հյուրանոցի գլխավոր մուտքը, ռեստորանը, ինչպես նաև երկրորդ և երրորդ հարկերի լյուքս համարները: Շենքի մյուս երկու ճակատների խուլ պատերն ուղղված են դեպի քաղաքի շարքային թաղամասերը: Այս հատվածներում տեղադրված ավելի փոքր հյուրանոցային համարների պատուհաններն ուղղված էին դեպի ներքին բակ, իսկ առաջին հարկերը նախկինում զբաղեցնում էին հյուրանոցի սպասարկման սենյակները: Ճակատների մշակումն աչքի է ընկնում տարբեր գույն և ֆակտուրա ունեցող նյութերի նրբաճաշակ համադրությամբ: Վարպետը կիրառել է բազալտե շարվածքի և աղյուսագույն սվաղով պատերի համադրությունը, որոնց ֆոնի վրա առանձնանում են սև տուֆից և մոխրագույն բազալտից քիվերի, պատուհանների շրջանակների և պատշգամբների տարրերը: Հյուրանոցի հորինվածքի գլխավոր շեշտը Աբովյան փողոցի և Ազնավուրի հրապարակի անկյունամասի հատվածն է: Այստեղ շենքի չորս հարկերում տեղադրված են հյուրանոցի առավել հանդիսավոր տարածքները` օվալաձև նախասրահը` գլխավոր աստիճանավանդակի մոնումենտալ և դինամիկ ծավալով, ինչպես նաև վերին հարկերի երկու շքեղ դահլիճները /Նկ.3/: Դասական ճարտարապետության կանոններին համաձայն, այս, ֆունկցիոնալ տեսակետից կարևորագույն հատվածն ունի մասշտաբով, ֆակտուրայով և հարդարանքով առավել շեշտված ճակատ: Առաջին հարկի նախասրահի ճակատը` ի տարբերություն կողային ճակատների, ամբողջությամբ մշակված է բազալտե շարվածքով: Նախասրահի վերևում գտնվող երկմակարդակ գլխավոր դահլիճի լոջիան զարդարված է մոնումենտալ հոնիական սյունաշարով: Վերջին, չորրորդ հարկի նմանատիպ օվալաձև դահլիճի պատշգամբը մշակված է նրբաոճ բազրիքով /Նկ.4./: Վերանորոգման և արդիականացման ընթացքում շինարարների ու վերականգնող մասնագետների առջև լուրջ խնդիրներ ծառացան: Ներքին և արտաքին հարդարանքի շատ մանրամասներ, մասնավորապես գլխավոր դահլիճի լոջիայի պատուհանների և դռների շրջանակները, սյուների հիմքերը, գլխավոր աստիճանների բազրիքի մասերը լրջորեն վնասված էին: Դրանց վերականգնման համար իսկական ոսկերչական աշխատանք էր պետք կատարել: Այս գործը վստահվեց բարձրագույն որակավորում ունեցող քարտաշ վարպետներին, որոնք աշխատել էին հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից մեկի` Հովհաննավանքի վերականգնման վրա /Նկ.5.6/: Կախովի պատշգամբների ճաղերն իրականացված էին բազալտի գույն ունեցող ցեմենտից: Դրանք չափազանց մաշված էին: Ելնելով շենքի ոճից, կարելի էր ենթադրել, որ ճաղերը պետք է բազալտից իրականացվեին որը սակայն հնարավոր չեղավ ժամանակի բարդ տնտեսական և տեխնիկական պայմաններում: Վերանորոգման ընթացքում բոլոր պատշգամբների նոր բազալտե ճաղերը մշակվեցին չափագրական ճշգրիտ գծագրերի համաձայն: Բարդություններ առաջացան նաև արտաքին սվաղի նորոգման ընթացքում: Թեպետ «Երևան» հյուրանոցի ավելի քան յոթանասուն տարիների գոյության ընթացքում լուրջ նորոգման աշխատանքներ չէին կատարվել, սակայն և ինտերյերը, և գլխավոր ճակատները բազմիցս վերաներկվել էին: 1999թ-ին հյուրանոցն ուներ դարչնագույն-կարմրավուն երանգ, որը շատ հեռու էր սկզբնական գույնից: Միակ, երբևե չվերաներկված և իր սկզբնական գույնը պահպանած ճակատը նախկին Մեչետսկայա փողոցին նայող ճակատն էր: Այս երբեմնի գլխավոր ճակատներից մեկը 1950-ական թվականների վերջում հյուրանոցի շենքին կից Նկարիչների տան կառուցումից հետո հայտնվեց նեղլիկ ներքին բակի ներսում: Պարզվեց, որ Բունիաթյանը կիրառել էր հետաքրքիր տեխնոլոգիա` ճակատի սվաղի վերին գունավոր շերտը ստացվել էր տուֆի փոշուց ստացած պիգմենտից և ուներ հարուստ թրծակավ գույն: 1999թ-ին Հայաստանում հնարավոր չեղավ գտնել համապատասխան որակի սվաղ արտադրողի: Իտալիայի Ֆանո քաղաքի հայտնի «Ջիոլի» գործարանում, որ հատուկ հուշարձանների վերանորոգման համար բնական հիմքով հարդարման նյութեր է արտադրում, կատարեցին սվաղի բեկորի քիմիական վերլուծություն: Սրա հիման վրա մշակվեց նոր սվաղանյութ, որի գույնն ու որակը առավելագույնս մոտ է «Երևան» հյուրանոցի օրիգինալ սվաղի հատկանիշներին: Վերանորոգման ընթացքում երբեմն կարիք կար «գուշակել» հեղինակի մտադրությունը, քանի որ որոշ կարևոր մասեր պարզապես բացակայում էին: Այսպես, օրինակ երկրորդ հարկի գլխավոր դահլիճի դռներն իրականացված են նոր նախագծով` հյուրանոցի ոճին համապատասխան: ործող, «ակտիվ» ֆունկցիա ունեցող ճարտարապետական հուշարձանի նորոգումը չափազանց պատասխանատու գործ է: Հեղինակային նախագծի որոշ փոփոխություններ անխուսափելի են: Կառույցի բարձր մասնագիտական մակարդակն այստեղ հանդես է գալիս որպես նորամուծությունների որակի ցուցիչ, որպես յուրօրինակ «լակմուսի թուղթ». հաջողվածները ներդաշնակորեն ընդգրկվում են համալիրի մեջ, իսկ անհաջողները կտրուկ բացահայտվում` ժամանակի հետ չկորցնելով իրենց օտարածին, արհեստական կերպարը: «Երևան» հյուրանոցի նախկին կանաչապատ ներքին բակը ապակեծածկ ատրիումի վերածելը, որը կատարվեց «ՌԵՆԿՈ»-ի դիզայներական գրասենյակի առաջարկով, հաջող միտք էր, քանի որ սրանով կարծես թե նոր զարգացում է ստացել Բունիաթյանի` ներքին առանձնացված շփման տարածք ունենալու գաղափարը: Այսօր այս սրահը երևանցիների և հյուրերի հանգստի սիրված վայրերից մեկն է: Սակայն ամառային սրճարանը ռեստորանի ապակեպատ կցակառույցի վերածելը /որն իրականացվեց «ՌԵՆԿՈ»-ի տնօրինության նախաձեռնությամբ` վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո/, անհոջող լուծում էր թե ճարտարապետական, թե քաղաքաշինական և թե պատմական տեսանկյունից: Կցակառույցը խաթարում է ռեստորանի կամարաշարի ռիթմը` աղճատելով հյուրանոցի գլխավոր ճակատներից մեկի և Ազնավուրի հրապարակի երբեմնի կիսակլոր հորինվածքը /Նկ.7/: Այս տարօրինակ կցակառույցի հայտնությամբ կորավ շենքի և հրապարակի պատմական ձգողականության մի մասը, այն, ինչ կոչում են «վայրի կախարդանք»: Չէ որ հենց այս բացօդյա սրճարանում էին տարիներ շարունակ սիրում հավաքվել հայ բոհեմի ամենավառ ներկայացուցիչները… Հայտնի վիպասան Ժաք Լամարշը ասել է. «Հիշողություններով և զոհաբերություններով ապագա չէս կառուցի, որքան էլ որ դրանք գեղեցիկ լինեն»: Մի գուցե ասվածը ճիշտ է առանձին անձնավորության ապագայի վերաբերյալ: Սակայն հազարամյակների ընթացքում կուտակված կառուցող մարդկության փորձն ապացուցում է հակառակը. առավել երկարակյաց են սերունդների հիշողությունը պահպանող քաղաքները; մարդկանց համար առավել ձգողական են և կենսունակ փորձություններ վերապրած կառույցները: «Երևան» հյուրանոցը դրանցից մեկն է: Այն անցնում է ժամանակի փորձությունների միջով` մնալով մայարաքաղաքի խորհրդանիշներից մեկը, չկորցնելով անցյալի խորհուրդը: ![]() Նկ.1 «Երևան» /նախկին «Ինտուրիստ» հյուրանոցը` 1950-ականներին ![]() Նկ.2. Հյուրանոցի ճակատների փռվածքը, ճափագրություն.1999 ![]() Նկ.3. Հյուրանոցի առաջին հարկի հատակագիծը և անկյունային հատվածի կտրվածք, չափագրություն ![]() Նկ.4. «ոլդեն Թյուլիփ» /նախկին «Երևան»/ հյուրանոցը 2012-ին ![]() Նկ.5. Երկրորդ հարկի լոջիայի սյան խարսխի վերանորոգումը ![]() Նկ.6. Հյուրանոցի նախասրահի ներքին հարդարման տարրերը ![]() Նկ.7. Հյուրանոցի գլխավոր հատակագիծը ռեստորանի կցակառույցով |
![]() European Union EU is not responsible for the content of this website | |||||||||||
| ||||||||||||
|