Regional Co-operation for Cultural Heritage Development
რეგიონალური თანამშრომლობა კულტურული მემკვიდრეობის განვითარებისათვის
Տարածաշրջանային համագործակցություն հանուն մշակութային ժառանգության զարգացման
Національна політика щодо культурної спадщини
Mədəni irsin inkişaf Etdimilməsi üçün regional əməkdaşlıq
Рэгіянальнае супрацоўніцтва ў мэтах развіцця культурнай спадчыны
 
E- Journal №4
Architectural Heritage
Պատմություն, թե՞ պատմության իմիտացիա: Գառնիի կամրջի վերականգնման մասին

Եվա Սարգսյան


2006թ. Մշակույթի նախարարությունը ձեռնամուխ եղավ Գառնու կամրջի վերականգնման աշխատանքներին, որոնց նպատակն էր ամրակայել վթարային վիճակում գտնվող կամուրջը և վերադարձնել դրա ‘իրական’՝ նախնական տեսքը: Սակայն ո՞րն է այդ տեսքը և ի՞նչ տեսքով ի վերջո կամուրջը վերականգնվեց՝ խնդրի հիմնական հարցերից մեկն է:

Գառնու կամուրջը միաթռիչք կամուրջ է՝ Գառնու ձորով հոսող Գողթ գետի վրա: Մինչ վերականգնման աշխատանքները կամրջի պատերը շարված են եղել ճեղքված բազալտե քարերով, իսկ կրկնակամարն ու թաղը՝ սրբատաշ տուֆով: Վերջիններս պահպանվել են այդպիսին նաև վերականգնումից հետո: 

Կամրջի կառուցման մասին հստակ պատմական տեղեկություններ չկան, սակայն ըստ մասնագետների փաստարկի, մասնավորապես Վ. Հարությունյանի, այն կառուցվել է միջնադարում (X-XIII դդ.): Կամրջի կերպարի մասին փաստող պահպանված հիմնական նյութը, որին էլ հիմնականում հղում է արվում, դա Բալասանյանի՝ 1945թ. արված չափագրությունն է (նկ.1), որտեղ կամուրջը ներկայացված է կանոնավոր շարով (սրբատաշ թե ոչ՝ կդիտարկենք ստորև): Կան կամրջից պահպանված ևս երկու գծագրեր, որոնցից մեկում, արված ավելի ուշ՝ 1950-ականներին` Հովհ.  Խալփախչյանի կողմից (նկ.2), կամուրջն արդեն ակնհայտորեն պատկերվում է անկանոն ձևի քարերի շարվածքով, իսկ Վ. Հարությունյանի չափագրության մեջ շարվածքը ներկայացված է պայմանական գրաֆիկական պատկերմամբ, առանց քարերի շարի և մշակման հստակ պատկերման (նկ.3):

Կամուրջը մեզ էր հասել հենց այդ կերպարով՝ հարակից տարածքից հավաքված ճեղքված բազալտի քարերից շարված պատերով, որը համարվում է գյուղական բնակչության կողմից  կիսաքանդ կամրջի ինքնուրույն վերականգնման փորձ: Ներկա սերունդների հիշողության մեջ կամուրջը մնացել և սիրվել էր հենց այդպիսին, ոչ թե իր նախնական՝ ենթադրելի սրբատաշ տեսքով, այլ անկանոն ձևի և շարվածքի, կարծես տեղի լանդշաֆտի մի մաս դարձած կառուցվածքով, որը թեկուզև նաիվ, նույնիսկ կոպիտ, ոչ պրոֆեսիոնալ ճարտարապետական կառուցվածք էր, սակայն ինքնին մշակութային արժեք էր և ընկալվում էր իբրև տեղական-ավանդական ժողովրդական պարզ, կոնտեքստային ճարտարապետական ստեղծագործություն: Հաշվի առնելով նաև այն գեղանկարչականությունը, որը կամուրջը ստացել էր տասնամյակների ընթացքում (տեղ-տեղ ավերվելով ու պատվելով կանաչով)`  կարելի է հստակ պատկերացնել այն կերպարը, որը և դարձել էր ճանաչելի ու այդքան սիրելի (նկ.4):

Վերականգնման նախագծում առաջարկ արվեց անկանոն շարվածքը փոխարինել տուֆե սրբատաշ շարվածքով և ավելացնել պարապետ: Այս մոտեցման ընտրության հիմնավորումն այն էր, որ փաստերը (Բալասանյանի չափագրությունը և այն ընդհանրական տեղեկությունը, որ միջնադարում Հայաստանում կամուրջներն ընդհանրապես արվում էին սրբատաշ շարով), խոսում են այն մասին, որ Գառնիի  կամուրջը նույնպես ի սկզբանե ունեցել է հենց այդպիսի կառուցվածք, որն էլ, ըստ երևույթին, պահպանվել էր առնվազն մինչ 1945թ., երբ և արվել էր Բալասանյանի վերոնշյալ չափագրությունը: 2006թ. սկսված և ընդհատումով 2013-ին ավարտված վերականգնողական աշխատանքների արդյունքում կամուրջը վերականգնվեց սրբատաշ շարվածքով և ստացավ աստիճանաձև պարապետ (նկ.5):

Կամրջի վերականգնողական աշխատանքների պատմությունը ընդհանրապես բավականին բարդ է: 2006թ-ին կամուրջը մասամբ վերականգնվել է  պատերի սրբատաշ շարվածքով, ինչից հետո աշխատանքները ընդհատվել և վերսկսվել են 2012-ին,  իսկ վերջնականապես ավարտվել 2013-ին: Սակայն, երբ նույն նախագծային առաջարկով շինարարական աշխատանքները վերսկսվել են 2-րդ փուլով,  նույն նախագծային առաջարկով՝ Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանման ծառայություն ՊՈԱԿ-ի կողմից բարձրացվել է կամրջի սրբատաշ շարվածքի և պարապետերի ավելացման խնդրահարույց լինելու հանգամանքը, ինչի արդյունքում կրկին հրավիրվել է  գիտամեթոդական խորհուրդ՝ հարցը վերաքննելու նպատակով: Սակայն քննարկումների արդյունքում շատ բան չի փոփոխվել. կամուրջն, ի վերջո, վերականգնվել է աստիճանաձև պարապետերով, իսկ շարվածքն արվել է  սրբատաշի և կոպտատաշի միջանկյալ տարբերակով:

Սիրված կամրջի կերպարի նման ‘նորացումը’ մեծ ռեզոնանս առաջացրեց լայն և մասնագիտական հանրության շրջանակներում: Քննադատությունները շատ էին և տարբեր՝ մասնագիտականից սկսած մինչև զգայական և անհատական մեկնաբանություններ: Այստեղ ուզում ենք ի մի բերել բոլոր այն կարծիքներն ու մեկնաբանությունները, որոնք այդ օրերին հնչել են մասնագետների և հանրության կողմից՝ փորձելով վերլուծական անդրադարձ անել դրանց բովանդակությանը:

Վերականգնման նախնական նախագծին, ինչպես նաև դրա վերջնական տարբերակին և իրականացված աշխատանքին ներկայացվող քննադատությունները հետևյալն էին.

  1. Կամուրջը կորցրել է  և  ոչ թե վերագտել իր կերպարը: Այն, ինչ արվել է` ոչ մի կապ չունի կամրջի ճանաչելի կերպարի հետ: Բացի այդ, վերակառուցված կերպարով այն կորցրել է իր գեղարվեստականությունը, ինչպես նաև թե պատմական և թե ճարտարապետական հետաքրքրությունը:
  2. Նախնական նախագծով առաջարկվող և սկզբնապես իրականացված սրբատաշ երեսապատման շարվածքը իրականում չի համապատասխանում այն սրբատաշին, որը կիրառվում էր կամրջի կառուցման պատմական ժամանակներում: Նույնը կարելի է ասել նաև վերջնական արդյունքի՝ կիսակոպտատաշ մշակման մասին:
  3. Պարապետերը, որոնք ավելացվել են վերակառուցման նախագծում, ոչ մի կապ չունեն հուշարձանի հետ, դրանց գոյության մասին փաստոող ոչ մի նյութ չի պահպանվել:

Սրանք այն հավաքական կարծիքներն ու փաստարկներն են, որոնք ներկայացվել են հանրության և մասնագետների կողմից: Դիտարկենք այս փաստարկները հերթով:


1. Արդյոք կամուրջը կորցրել թե՞ վերգատել է իր կերպարը:

Այստեղ, դեռ չանդրադառնալով կամրջի պատմական կերպարի մասին փաստող պատմա-արխիվային նյութերի հավաստիությանը, ենթադրենք, որ իրոք, կամուրջը դեռ ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շարված է եղել սրբատաշ քարերով, որն էլ իր նախնական կառուցվածքն է եղել: Այդ դեպքում ո՞րն է համարվում կարևոր պատմական շերտ.՝ այն, որը որ մնացել է ներկայի հիշողության մեջ, թե այն, որը միայն պատմությանն է պատկանում: Ի վերջո, չէ՞ որ անկանոն և կոպտատաշ շարվածքով այն կերպարը, որը գուցե ընդամենը մի քանի տասնամյակի պատմություն ունի (ենթադրաբար` 60-70 տարվա) ևս մի-քանի տասնամյակ հետո (եթե ոչ արդեն այսօր),  կարող է համարվել լիիրավ պատմական շերտ: Այդ դեպքում ի՞նչու նախապատվությունը չտալ այն կերպարին և պատմական շերտին, որով այն հասել է մեզ և կարևորվել մեր մշակույթի ու ներկայի համար:

Այստեղ պետք է ասել, որ հուշարձանի խնդիրը  քննարկող գիտամեթոդական խորհրդի առ 20.01.2012թ N1,. նիստի արձանագրության[1] մեջ կարդում ենք, որ  կամրջի երեսապատման բնույթի վերաբերյալ երկար քննարկումների արդյունքում մասնագետները առաջարկել են կամրջի վերականգնված երեսապատման մեջ ցույց տալ դրա բոլոր հնարավոր պատմական շերտերը: Այսինքն` առաջարկություն էր արվել`համարելով, որ կամրջի նախնական կառուցվածքը սրբատաշ շարվածքով երեսապատումն է, վերականգնումն իրականացնել այդպես, բայց որպես վերջին տարիներին ձևավորված պատմական շերտի մասին փաստարկ` կամրջի խելի մոտ թողնել  կոպտատաշ, անկանոն շարվածքից մի հատված (նկ.6): Այս մոտեցումն, իհարկե, վերականգնման պրակտիկայի տեսանկյունից գրագետ և ընդունելի, եթե չասենք պարտադիր մոտեցում է:

Սակայն վերականգնման պրակտիկան նեղ գիտական լինելուց զատ նաև որոշակի առումով ստեղծագործական կարող է համարվել, այսինքն որոշ դեպքերում հնարավորություն է ընձեռնում վերականգնող ճարտարապետին մեթոդական պարտադիր և անզանցելի սկզբունքների սահմանում իրականացման տեսանկյունից որոշակի մեկնաբանություն մտցնել: Կարծում եմ, որ Գառնիի կամուրջը այդ դեպքերից մեկն էր: Հնի և նորի համատեղման թեման ճարտարապետության միջազգային պրակտիկայում, հատկապես այսօր, դառնում է առանձին ուղղություն` թե գաղափարական-էսթետիկական  և թե տեխնիկական տեսանկյունից: Կարծում եմ, որ կամրջի կառուցվածքի մեջ խելերի հատվածում նախկին կոպտատաշ շարից թողնված հատվածները կարող էին ճարտարապետականորեն շատ ավելի հնչեղ թեմա դառնալ, մինչդեռ իրականացված տարբերակում այդ հատվածները ընդհանուր շարվածքի մեջ ճարտարապետականորեն չեն ներգծվում և ընթեռնվում են որպես ամբողջին արհեստականորեն պարտադրված էլեմենտ:

2. Ո՞րքանով է շարվածքի այն ձևը, որով ի վերջո իրականացվել է  կամուրջը, համապատասխանում դրա պատմական կերպարին:

Նախ քննարկենք սրբատաշ շարվածքի տարբերակը, որով իրականացվեց կամրջի պատերի նախնական շարվածքը: Ընդունենք, որ սրբատաշով վերականգնման օգտին վկայող  պատմական փաստերը բավարար են: Այնուհանդերձ, ակնհայտ խնդիրը նրանում է, որ այսօր՝  21-րդ դարում իրականացվող սրբատաշ շարվածքը, որը և կիրառվել էր կամրջի վերակառուցման աշխատանքների ընթացքում, սկզբնապես, իրականացման տեխնիկայի տեսանկյունից տարբերվում է միջնադարում կիրառվող մոտեցումից, ինչի արդյունքում էլ բացարձակ այլ պատկեր է ստացվում: Ավանդականորեն սրբատաշ քարերի կտորներ ստանալու համար դրանք տաշվում էին ձեռքով, ինչի արդյունքում քարի սրբատաշ մակերևույթը որոշակի ֆակտուրա էր ունենում.  մինչդեռ այսօր դրանք կտրվում և հղկվում են էլեկտրական գործիքներով, որն էլ քարի մակերևույթը զրկվում է իր ֆակտուրայից, այն նմանեցնում հարթ սվաղի: Բացի այդ, որպես կապակցանյութ օգտագործվել է ցեմենտակրային շաղախը, մինչդեռ նախնական կամուրջի շարվածքը արված էր միայն կրային շաղախով: Նաև պետք է շեշտել շարվածքի մեջ քարերի միջև շաղախի շերտի առկայության մասին, որոնք քարերը արտաքնապես պարուրում են չորս կողմից, ինչը սրբատաշ շարվածքում չի կիրառվում, և ամեն դեպքում ոչ մի փաստ չկա, որ կամուրջը նախապես շարված է եղել այսօրինակ  շարվածքով (նկ.6):

Սակայն այսքանով կամրջի շարվածքի իրականացման տեխնիկական խնդիրները չեն ավարտվում: Գիտամեթոդական խորհրդի վերոնշյալ նիստում բարձրացվեց սրբատաշ շարվածքի ընտրության խնդրահարույց լինելու հանգամանքը: Խորհրդի անդամներից շատերը համաձայն էին  այն կարծիքի հետ, որ արդեն մասամբ շարված սրբատաշ շարի քարերը պետք է տաշել՝ հաղորդելով որոշակի ֆակտուրա, ինչն ավելի հարազատ կարող էր լինել ավանդական տաշվածքի ֆակտուրային, իսկ նոր շարվածքը նույնպես շարունակել իրականացնել նմանատիպ տաշված քարերով: Սակայն նման մոտեցման արդյունքում պատկերը նույնքան արհեստական է և պատմական, իրական կերպարի հետ կապ չունեցող, որքան և ‘սվաղած’ սրբատաշը: Բացի այդ, նման ֆակտուրա ստանալը չի կարող ինքնանպատակ լինել: Աուտենտիկ տեխնոլոգիաների կիրառման դեպքում այդ ֆակտուրան ինքնաբերաբար է ստացվում, մինչդեռ վերականգնման այս տարբերակում մոտեցումը հակառակն է եղել՝ չպահպանելով հուշարձանին հարազատ, աուտենտիկ տեխնոլոգիաները՝ փորձել միայն ստանալ վերջնական արդյունքի պատկերը:  

Հին և նոր կիսակոպտատաշ քարերով շարվածքների տարբերությունը ակնհայտորեն երևում է պահպանված կամարների և նոր շարված պատերի համեմատության մեջ (նկ.6): Իհարկե, կարելի է որպես փաստարկ բերել այն հանգամանքը, որ նոր շարվածք պետք է տարբերվի հնից, նախնականից: Սակայն եթե խնդիր է դրված վերստեղծել կամ վերականգնել նախնական հուշարձանը, ապա այն պետք է վերարտադրի հինը ամբողջովին՝ թե կիրառված տեխնոլոգիայի, թե կերպարի տեսանկյունից: Հակառակ դեպքում կամրջի վրա տարված աշխատանքները հնարավոր չէ բնութագրել ոչ միայն որպես վերականգնում, այլև նույնիսկ որպես վերստեղծում:

3. Արդյո՞ք բազրիքների ավելացումը հարիր էր դրա պատմական և ճարտարապետական կերպարին:

Բազրիքները, միանշանակ, կարևոր ֆունկցիոնալ դեր ունեն, դրանց անհրաժեշտությունը այսօր կա և գուցե միշտ էլ եղել է: Սակայն կա՞ն արդյոք դրանց նախնական գոյության մասին փաստեր: Եթե այո, ապա  որքանո՞վ է դրանց նման ձևով իրականացումը ճարտարապետականորեն տրամաբանական: Բազրիքների նախնական գոյությունը փաստվում է նույն տրամաբանությամբ, ինչով որ հիմնավորվում է նաև սրբատաշ շարվածքի հանգամանքը՝ նույն ժամանակաշրջանի նմանատիպ այլ կամուրջների բազմաթիվ օրինակները: Սակայն որևիցէ այլ հիմնավորում կամ հնագիտական պեղումների արդյունքում հայտնաբերված բեկոր չի փաստում դրանց նախնական գոյության մասին:

Նման իրավիճակի պարագայում կարծում եմ, որ ավելի ընդունելի կլիներ քարե բազրիքների փոխարեն, որը ներկայանում է որպես հուշարձանի հավաստի մասնիկ, անել թեթև մետաղական կամ մեկ այլ ձևի բազրիքներ, որոնք կոպիտ կերպով չէին միջամտի կամրջի ճարտարապետությանըջ և շեշտված կլինեին որպես ժամանակակից ֆունկցիոնալ հավելում:

Ներկայացնելով կամրջի վերականգնման մոտեցման այս տրամաբանությունը՝ կարելի է անել այն եզրակացությունը, որ վերականգնման նման մեթոդի ընտրությունը, որն իրականում իսկապես հուշարձանի նորովի վերստեղծում է, արդյունք է ոչ միայն և ոչ այնքան մասնագիտական մոտեցման, այլ նախ և առաջ մենթալիտետային՝ պատմության ընկալման և արժևորման խնդրի: Մենք որպես պատմություն և մշակույթ ընկալում ենք միայն այն, ինչ պատկանում է հեռավոր անցյալին, այն, ինչը որ հեռավոր նախնիների ձեռքբերումների արդյունքն է, նրանց ապրած կյանքի մասնիկ՝ ընդ որում կարևոր չէ երևակայական կյանքի, թե՝ իրական: Կարևորը, որ կարելի է դրան ‘պատմական’ պիտակը կպցնել:

Բայց չէ՞ որ հուշարձանը կարող է այդպիսին համարվել որպես ներկայում ապրող մարդկանց հիշողության մասնիկ, ոչ միայն պատմական, այլև ներկա իրադարձություների մասնակից ու ականատես: Գառնիի կամուրջը իր անտաշ ու կոպիտ ճարտարապետությամբ արդեն պատմա-մշակութային հուշարձան էր ոչ միայն որպես գեղատեսիլ կառուցվածք կամ այս կամ այն կերպարով դարերի պատմություն ունեցող կամուրջ, այլև որպես մարդկության մի ստվար հատվածի հիշողության մասնիկ:  Արդյունքում ո՞րքանով կարելի է դրա վերակառուցված կերպարին կպցնել ‘պատմական’ պիտակը: Այն, ինչ արվել է իր շինարարական տեխնիկայով՝ առավել քան վերականգնման մեթոդի էությամբ, պատմական հուշարձանի մասին փաստող բուտաֆորիա է միայն, ոչ թե հուշարձանն ինքը, այլ հուշարձան հուշարձանի մասին:



[1] Ստորև բոլոր այն մեկանաբանությունները, որոնք արվելու են կամրջի վերականգնման մեթոդի ընտրության վերաբերյալ, հիմնված են ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի 20.01.2012 թ. կայացած  նիստի N1 արձանագրության  վրա: Ենթադրվում է, որ սղագրությունը արված է բարեխղճորեն և հաստատված բոլոր մասնակիցների կողմից:

Նկ.1-Գառնու կամրջի չափագրությունը ըստ Բալասանյանի (1945 թ.): Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանման ծառայություն ՊՈԱԿ-ի արխիվ /
Նկ.2-Գառնու կամրջի չափագրությունը ըստ Հ. Խալփախչյանի (1950ականներ): Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրերի պահպանման ծառայություն ՊՈԱԿ-ի արխիվ /
Նկ.3- Գառնու կամրջի չափագրությունը ըստ Վ.Հարությունյանի/
Նկ.4-Գառնու կամուրջը մինչ վերականգնումը (վերձված է panorama.am կայքից)/
Նկ.5-Գառնու կամուրջը վերականգնումից հետո (Սամվել Կարապետյանի արխիվից)/
Նկ.6-Հատված կամրջի նախնական շարվածքից խելի մոտ և նոր շարվածքից (Սամվել Կարապետյանի արխիվից /
RCCHD Project:
Office 16b, Betlemi ascent, 0105 Tbilisi, Georgia
Tel.: +995 32 2-98-45-27
E-mail: rcchd@icomos.org.ge
© 2012 - Eastern Partnership Culture Programme